Հետևեք մեզ։

Նոր մանրամասներ «ՄԼ Մայնինգ»-ի ու Արարատի մարզի միջև կռվից. «Ժողովուրդ»

09:38, 10 հոկտեմբեր 2023
Նոր մանրամասներ «ՄԼ Մայնինգ»-ի ու Արարատի մարզի միջև կռվից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի դեմ Արարատի մարզի համայանքապետի կռիվը շարունակվում է:

 

Բանն այն է, որ դատարանը մի քանի անգամ համայնքապետ Ասլան Ավետիսյանի դիմումները հետ է վերադարձրել եւ վարույթ չի ընդունել, սակայն գյուղապետը չի հանձնվել ու կրկին դատարան է դիմել, ինչի արդյունքում դատարանը օրերս որոշել է դիմումը վարույթ ընդունել: Չի բացառվում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարը իր նախկին կապերն է օգտագործում դատարանում, եւ ընկերության դեմ հայցերը վարույթ չեն ընդունվում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ համայնքի ղեկավարները դատարաններ են դիմում՝ ընդդեմ ընկերության: Մասնավորապես, Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել, «Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով, վարձակալության տրամադրելու մասին» 22.04.2019թ. որոշումը վերացնել, որպես հետեւանք՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը եւ դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել:

 

Այսինքն՝ ինչ տվել են ընկերությանը, հետ են ուզում: Ի դեպ, հենց 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում հատկապես ուշագրավ էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։

 

Նկատենք, որ այս ընկերությունն առաջին անգամ չէ, որ արտոնություն է ստանում գործադիրից։ 2018 թ. հունվարի 25-ին «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն: Երկու արտոնություն էլ ստացել է 2017-ին՝ հունիսին եւ օգոստոսին։ «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգից էլ է ահազանգ ստացել, թե ինչ վիճակ է ստեղծել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի ճանապարհին, ու իրավիճակը շարունակում է մնալ նույնը. «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի մեքենաները տակնուվրա են արել դատարան տանող ճանապարհը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։