Ես չեմ կիսում այդ տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ փաստաթուղթը և դրան հետևեց Արցախի անկումը։ Այս մասին Ավինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու ներկայացած, բայց քաղաքապետի թեկնածու չառաջադրված ու Ավինյանին ընտրած Արտակ Զեյնալյանը։
«Պատերազմները տանուլ են տալիս ոչ թե բանակների բախման արդյունքում, այլ դրան նախապատրաստվելիս, սա կանոն է, և այս, ինչ տեղի ունեցավ, վաղուց տեղի ունեցած գործողությունների ու անգործության հետևանք է․ 2004-ին սկսած, նույնիսկ ավելի վաղ, երբ Հայաստանը ստորագրեց պայմանագիր ռուս սահմանապահների՝ Հայաստանում գործելու վերաբերյալ, ծանոթացեք այդ պայմանագրին, երբ Հայաստանը ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց, դա մեր բոլորի կողմից թույլ տրված, անկախ անհատներից, սխալի հետևանք է»,-ասաց Զեյնալյանը։
Հարցին,թե ինչպես է հաշտ լինելու այս իրողության հետ Զեյնալյանն ասաց, որ հաշտ չի լինելու․ «Պայքարելու եմ, որ Արցախը լինի հայկական, որպեսզի արցախահայության իրավունքները պահպանված լինեն, որևէ մեկը կարո՞ղ է հաշտ լինել դրա հետ»։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։
Մանրամասն՝ տեսանյութում․