Հետևեք մեզ։

Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, մենք չենք բանակցելու անցակետ դնելու վերաբերյալ․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

17:05, 22 մարտ 2023
Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, մենք չենք բանակցելու անցակետ դնելու վերաբերյալ․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Վերջին շրջանում հայատյացության քարոզն ավելի է սրվել, Ադրեբեջանի նախագահը պայմաններ է նշում,  բայց բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։

Այս մասին այսօր խորհրդարանում՝ հարցուպատասխանի ժամին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «Մենք կրկին Ադրբեջանից ստացել ենք առաջարկներ և աշխատում ենք դրանց վրա, և առաջիկայում կլինի դրանց վերաբերյալ մեր առաջարկները։ Անշուշտ, Ալիևի հռետորաբանությունը նորանոր խոչընդոտներ է ստեղծում այդ գործընթացի ճանապարհին, բայց մեր դիրքրոշումը չի փոխվել՝ մենք անկեղծորեն ու համառորեն շարունակելու ենք բանակցել, նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատել»։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հարցին, թե Բաքուն կրկին առաջ է քաշում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցը, կբանակցի՞ Հայաստանը, Արարատ Միրզոյանն ասաց․

«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, և կարգավորումները տեղ են գտել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ըստ որի՝ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ և Ադրբեջանն ապահովում է երկկողմ անխափան երթևեկությունը։Սա ամրագրված պայմանավորվածություն է։ Ոչ, մենք չենք բանակցելու Լաչինի միջանցքում անցակետ դնելու վերաբերյալ»։