Հետևեք մեզ։

Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի ներկա պայմաններին․ Զախարովա

17:22, 10 հոկտեմբեր 2023
Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի ներկա պայմաններին․ Զախարովա

Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի ներկա պայմաններին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Նրա խոսքով, վերջին մեկ տարում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կտրուկ փոխվել է.

 

«2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը Եվրամիության հովանու ներքո անցկացված Պրահայի գագաթնաժողովում ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Այս դիրքորոշումը նա վերահաստատել է այս տարվա մայիսին և հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովներում։

 

Սրանով լրջորեն փոխվել են 2020 թվականին տարածաշրջան ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման պայմանները։ Սեպտեմբերի 19-20-ի բախումներից հետո խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի տարածաշրջանից բնակչության զանգվածային արտահոսքի հետևանքով ստեղծված դրությանը։ Ռուս խաղաղապահների մի շարք դիտակետեր արդեն ապամոնտաժվել են։ Բաքվի հետ քննարկվում են մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցեր»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

 

Հարցին, թե երբ է անցկացվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը, Զախարովան ասել է, որ ժամկետը հայտնի լինելուն պես տեղեկատվություն կտրվի։

Վերլուծական