Ռուսաստանն իր թեկնածությունն էր առաջադրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ ընտրվելու համար, որտեղից հեռացվել էր 18 ամիս առաջ՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով։
Սակայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեքշաբթի օրը կայացած քվեարկությանը Ռուսաստանը 83 ձայն է ստացել և չի ընտրվել, որովհետև անհրաժեշտ էր 92 ձայն։ Արևելյան Եվրոպայից հանձնաժողովի անդամ են ընտրվել Ալբանիան (123 ձայն ) և Բուլղարիան (160)։
«ՄԱԿ-ի անդամ երկրներն ուժեղ ազդանշան ուղարկեցին Ռուսաստանի ղեկավարությանը, որ մի կառավարություն, որը պատասխանատու է պատերազմական բազմաթիվ հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար, տեղ չունի այնտեղ», - հայտարարել է ՄԱԿ-ում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի տնօրեն Լուի Շարբոնոն։