Հետևեք մեզ։

«Շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղից հետո»․ Կոպիրկին․ Sputnik Արմենիա

11:07, 11 հոկտեմբեր 2023
«Շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղից հետո»․ Կոպիրկին․ Sputnik Արմենիա

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։ Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։

 

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա»,– նշեց դիվանագետը։

 

Կոպիրկինն անդրադարձել է նաև Սյունիքում ՌԴ ներկայացուցիչների` զինվորականների, 102-րդ ռազմաբազայի գումարտակային խմբի, սահմանապահների ներկայության հանգամանքին։ «ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը անփոխարինելի դեր ունի։ Հատկապես այն պահին, երբ իրավիճակը բավական նյարդային է, շատ է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է լինելու հետագայում` Լեռնային Ղարաբաղից հետո։ Եվ իհարկե ցանկացած գործողություն և քայլ, որոնք օգնում են մարդկանց մեծ վստահություն հաղորդել, շատ կարևոր է», – ասաց Կոպիրկինը։