Hayastan.news-ի տեղեկություններով «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը, որը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու փողերի լվացմանը հանցակցելու մեջ, կալանավորված էր երկու ամսով։ Օրեր առաջ Վեներա Գալստյանը կալանքից ազատ է արձակվել։
Տեղեկությունը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեցին նաև Քննչական կոմիտեից, տրամադրելով մանրամասներ․
«Տվյալ անձի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի ժամկետը պետք է լրանար 2023թ․ հոկտեմբերի 07-ին։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 29-ին, վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանը չի բավարարել միջնորդությունը և անձն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ բացակայելու արգելքն է ընտրվել»։
Արտակ Գալստյանի կնոջը մեղադրանք է ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը ևս կալանավորված է, թիմակակցները դա համարում են քաղաքական հետապնդում։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է գումար շորթելու և փողերի լվացման փորձ կատարելու մեջ։
Հիշեցնենք, որ «Հանրային ձայն»-ի մասնակցությամբ երեկ Երևանի քաղաքապետարանի նիստում քվորում ապահովվեց և Ավինյանն ընտրվեց քաղաքապետ։ «Հանրային ձայն»-ի՝ ավագանու նիստին չներկայանալու դեպքում քվորում չէր ապահովվի։ Ի դեպ, նրանք «դեմ» են քվեարկել, բայց նիստի քվորումն ապահովելու հետո նրանց «դեմ» կամ «կողմ» ձայները որոշիչ չէին։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ