Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի:
Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, մահացածը Եղվարդի բնակիչ, տվյալ տանը վարձակալությամբ բնակվող, 64-ամյա Ա.Հովհաննիսյանն է։ Զննությամբ դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ:
Պարզվել է, որ նշված տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել վերջինիս և հարևանությամբ բնակվող, Հրազդանի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս Ա.Հովհաննիսյանին գլխի շրջանում հասցրել է հարվածներ, ինչի հետևանքով 64-ամյա տղամարդը մահացել է:
Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Քննիչի կողմից կայացվել է նրան ձերբակալելու որոշում։ Վերջինս հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: