Հետևեք մեզ։

Ալբերտ Բազեյանը խնդրել է իրեն փոխանցել հարազատի կողմից բերվող հեռուստացույցը, դիմումը բավարարվել է․ Քրեակատարողական ծառայության պարզաբանումը

13:50, 12 հոկտեմբեր 2023
Ալբերտ Բազեյանը խնդրել է իրեն փոխանցել հարազատի կողմից բերվող հեռուստացույցը, դիմումը բավարարվել է․ Քրեակատարողական ծառայության պարզաբանումը

Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել, ոչում ասվում է․

 

«Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Ժողովուրդ» օրաթերթում զետեղվել է հրապարակում, որում մասնավորապես ասվում է «…Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են Նուբարաշենի բանտի մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ: … Ալբերտ Բազեյանը դիմում է գրել բանտի ղեկավար կազմին իրեն թերթ տալ, ինչպես մյուս կալանավորներին են տալիս, կամ հեռուստացույց, սակայն դիմումին որևէ պատասխան չի եղել…»:

Վերոգրյալի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 28-ին Ալբերտ Բազեյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով իրեն փոխանցել հեռուստացույցը, որը բերվելու է հարազատի կողմից: Վերջինիս դիմումը սահմանված կարգով բավարարվել է, և հոկտեմբերի 10-ին Ալբերտ Բազեյանի որդին հեռուստացույցը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ, որը սահմանված կարգով ընդունվել և փոխանցվել է կալանավորված անձ Ալբերտ Բազեյանին։

Ինչ վերաբերում է թերթերի տրամադրմանը, ապա տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկները պարբերական մամուլ չեն ստանում: Կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են իրենց հաշվին ձեռք բերել պարբերական մամուլ, որի համար դիմում են քրեակատարողական հիմնարկի պետին:

Ալբերտ Բազեյանը երբևէ բանավոր կամ գրավոր ձևով չի դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին՝ թերթեր ձեռք բերելու համար»: