Հետևեք մեզ։

Ծնելիության ամենաբարձր ցուցանիշն ունենք և մահացության ամենացածր ցուցանիշը, մենք կորոնավիրուսի ժամանակ ճիշտ որոշումներ ենք կայացրել․ Փաշինյան

16:27, 12 հոկտեմբեր 2023
Ծնելիության ամենաբարձր ցուցանիշն ունենք և մահացության ամենացածր ցուցանիշը, մենք կորոնավիրուսի ժամանակ ճիշտ որոշումներ ենք կայացրել․ Փաշինյան

Ես պիտիգոհունակությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունն նորից, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում, և բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նույնպես Հայաստանի Հանրապետությունը կունենա բարձր տնտեսական աճ: Մենք հիմա, ըստ էության, վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք: Բայց սա, այսպես ասած, շատ զուսպ և շատ, ինչպես ասում են, պահպանողական գնահատական է: Մեծ հավանականությամբ ավելի բարձր տնտեսական աճ կունենանք:

Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը․

 

«Որպես թեմայի հետ ուղակի և անուղղակի կապված մի ցուցանիշի մասին էլ եմ ուզում խոսել. պիտի արձանագրենք, որ շատ կարևոր մի բան է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշ՝ վերջին 5 տարիների համեմատ: Այսինքն՝ 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 թվականին ամենաբարձր ցուցանիշը մենք ունենք: Ընդ որում, հիշում եք, նախորդ անգամ, երբ այստեղ խոսում էինք՝ ասում էինք, որ այդ պահի դրությամբ առայժմ հետ ենք միայն 2021 թվականի ցուցանիշից, և հույս հայտնեցինք, որ նաև ընդհանուր տարվա արդյունքներով կգերազանցենք նաև 2021 թվականի ցուցանիշը: Այդ ցուցանիշը գերազանցված է: Ուզում եմ ասել նաև, որ սա, իհարկե, այլոց շարքում նաև ժողովրդագրության ոլորտում Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Նաև ուզում եմ արձանագրել, որ սա առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, որովհետև մենք նաև շատ լավ ցուցանիշ ունենք, վատ բառով է վիճակագրության մեջ բնորոշվում, բայց երևի ուրիշ բառ էլ չկա, մեռելածինների թվաքանակի էական նվազում ունենք: Այսինքն՝ դա նշանակում է, որ առողջապահության ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի արդյունավետ, որովհետև ոլորտում սպասարկման որակի բարձրացման մասին է վկայում»,-ասաց նա:

 

Փաշինյանն ընդգծեց ոչ թե միայն աշխատավարձերի բարձրացումը, ոչ միայն պետպատվերի շրջանակում առողջապահական հիմնարկների ֆինանսավորման մեծացումը, այլ նաև ընդգծել, որ   տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակներում  կայացված որոշումը՝  ժողովրդի լեզվով ասած՝ լիզինգի ծրագիրը, որ առողջապահական հիմնարկները նույնպես կարող են իրենց անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները ձեռք բերել:

 

«Ուզում եմ նաև ընդգծել, որ ամենացածր ցուցանիշն ունենք մահացությունների, ինչը նույնպես շատ կարևոր է: Այս առումով էլի պիտի վերադառնամ և խոսեմ կորոնավիրուսի համավարակի կառավարման մեր ցուցանիշների և որակի մասին: Մահացություների հետ կապված այս հարցն ինչո՞վ կապ ունի, կապ ունի նրանով, որ մենք ճիշտ էինք կարդում և ճիշտ էինք հասկանում իրադրությունը և ճիշտ որոշումներ ենք կայացրել: Նաև այդ որոշումների շնորհիվ է, որ մենք գործնականում վերջին 5 տարիների ընթացքում ամենացածր մահացության ցուցանիշն ունենք Հայաստանի Հանրապետությունում: Բնական աճն, ի վերջո, ամենաբարձրն է վերջին 5 տարիների համար, և մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով, և սա շատ կարևոր ցուցանիշ է: Ուզում եմ ընդգծել, որ սա հունվար-օգոստոս ամիսների տվյալներն են, և հույս ունեմ, որ այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար, իհարկե, կօգնի, որ նրանք Հայաստանից չհեռանալու որոշում կայացնեն, և այս ցուցանիշների գծով մենք կունենանք ավելի լավ տվյալներ:

Եվս մի դիտարկում, որն էական է, կարծում եմ հիմա, այո՛, բոլոր մասնագիտական ուղղություններով մենք պետք է հատուկ և արտոնյալ պայմաններ ստեղծենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար, բայց երկարաժամկետում մենք չպետք է հանկարծ այնպիսի տպավորություն ստեղծենք, որ անհավասար պայմաններ ենք ստեղծում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեր մասնագիտական շրջանակների նկատմամբ: Պետք է դաշտը հավասարեցնենք ստանդարտացման միջոցով: Բոլոր այն ծրագրերը, որ մենք ունենք՝ կամավոր ատեստավորում և այլն, այդ բոլոր ծրագրերի բովանդակությամբ և մեր նոր կրթական և ոչ կրթական ստանդարտների կիրառմամբ մենք պետք է դաշտ հնարավորինս շատ արագ, առանց որևէ անարդարություն թույլ տալու, բերենք արագ հավասար դաշտի»,-ասաց Փաշինյանը: