Հետևեք մեզ։

Ապշեցնում է ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը, այնքան են կորցրել ամոթը, որ Հայաստանն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»․ Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)՝

22:17, 12 հոկտեմբեր 2023
Ապշեցնում է ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը, այնքան են կորցրել ամոթը, որ Հայաստանն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»․ Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)՝

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:

«Հարգելի' գործընկերներ,

Կարծում եմ, որ այժմ ամեն ինչ պարզ է: Ադրբեջանը հստակ մտադրություն ուներ հայերի էթնիկ զտում իրականացնելու Լեռնային Ղարաբաղում, ինչը նա արեց: Բայց այս քննարկման մեջ ապշեցնում է մեր ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը, որոնք ստանձնել են իրենց ավտորիտար, ցեղասպան ռեժիմի պաշտպանների դերը: Նրանք պնդում են, թե Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմազգ դրախտ է երկրի վրա:

Նկատեցի՞ք, որ նրանցից ոչ ոք մեկ բառ անգամ չասաց 100.000 հայերի ճակատագրի, նրանց կարիքների վերաբերյալ: Նրանցից ոչ ոք ցավակցական մի բառ չասաց այն մարդկանց մասին, որոնք զոհվել են, որոնք բաժանվել են իրենց ընտանիքներից: Եթե մենք հաշվի առնենք, որ ռեժիմի հստակ նպատակն էր ազատվել Լեռնային Ղարաբաղի հայերից, ամեն ինչ տրամաբանական է դառնում:

Բայց սա ամենը չէ: Պարոն Յաֆարովին պատասխանելով` նշեմ, որ այս մարդիկ այնքան են կորցրել ամոթը, որ անգամ մի ամբողջ բնակչության էթնիկ զտումներից ընդամենը մի քանի շաբաթ հետո նրանք եկել են այս կազմակերպություն եւ Հայաստանն անվանում են «Արեւմտյան Ադրբեջան»:

Եթե չնկատեցիք, նա անվանեց Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան»:

Հարգելի' գործընկերներ, կարծում եմ` պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ Ադրբեջանի վերջին գործողությունները, այդ թվում` 2020 թվականի սանձազերծած պատերազմը, վերջին էթնիկ զտումները, իրեդենտիստական բառապաշարով Հայաստանից արտատարածքային միջանցք պահանջելը եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանները չճանաչելը, Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանելը ցույց են տալիս, որ Ադրբեջանը սպառնալիք է դարձել միջազգային կարգի եւ միջազգային իրավունքի համար:

Եվ այս ռեժիմը պետք է պատժվի, իհարկե, օրենքով: Եվ մենք` որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակություն, ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, ձեզնից յուրաքանչյուրի աջակցությունը:

Որովհետեւ սա միայն Հայաստանի հարցը չէ, սա միջազգային իրավունքի եւ միջազգային կարգի խնդիր է: Հարգելի' նախագահողներ, խնդրում եմ թույլ չտալ որեւէ մեկին այստեղ օգտագործել իրեդենտիստական, ագրեսիվ տերմիններ: Անթույլատրելի է Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանելը, կարծում եմ` կարիք չկա բացատրելու, թե ինչու: Շնորհակալություն»,- ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: