Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով տեղափոխվել է ՀՀ: Armlur.am-ը հայտնում է, որ այդ գործընթացը այդքան էլ սահուն չի անցել:
Պարզվել է, որ Հակարիի կամրջին տեղադրված անցակետում ստուգման պահին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները անմիջապես ճանաչել են նրան և արգելանքի վերցրել: Տևական ժամանակ նրա կինն ու երեխաները մնացել են մեքենայում միայնակ, իսկ Ներսիսյանը գտնվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների վերահսկողության տակ:
Ներսիսյանին ազատ են արձակել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ներառված աշխատակիցների միջնորդությամբ: Աղբյուրը հարկ է համարում նշել, որ վերջին մեկ տարում Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությունն ու շփումը հիմնականում ապահովվում էր Ներսիսյանի միջոցով, ինչը ամենայն հավանականության իր ազդեցությունն է ունեցել նրան ազատ արձակելու հարցում:
Աղբյուրին հաջողվել է կապ հաստատել Ներսիսյանի հետ, ով հաստատել է ՀՀ տեղափոխվելու, Հակարիի կամրջին ադրբեջանցիների կողմից իրեն արգելանքի վերցնելու և որոշակի ժամանակ անց ազատ արձակելու լուրը։ Ներսիսյանը հաստատել է նաև, որ ՀՀ հասնելուն պես հեռախոսային խոսակցություն է ունեցել նախկին նախագահներից Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ, սակայն հրաժարվել է զանգի բովանդակության մասին տեղեկություններ փոխանցելուց:
Այն հարցին, թե ինչով է զբաղվելու ՀՀ-ում և արդյոք պետական համակարգում աշխատելու առաջարկ ստացել է, թե ոչ, Ներսիսյանը հայտնեց, որ աշխատանքի առաջարկ չի ստացել, մասնագիտությամբ իրավաբան է և կփորձի դրան համապատասխան աշխատանք գտնել: