Հետևեք մեզ։

Խաղաղության, տան ու աշխատանքի սպասումով. մարտակերտցի Լուսիկն ամուսնու և 6 երեխաների հետ «Ուրալ»-ով է հասել Հայաստան․ «Արմենպրես»

14:08, 15 հոկտեմբեր 2023
Խաղաղության, տան ու աշխատանքի սպասումով. մարտակերտցի Լուսիկն ամուսնու և 6 երեխաների հետ «Ուրալ»-ով է հասել Հայաստան․ «Արմենպրես»

Լուսիկ Կարապետյանն իր 6 անչափահաս երեխաների ու ամուսնու հետ արդեն հինգերորդ օրն է՝ ժամանակավոր բնակություն է հաստատել Թորոս գյուղի «Աղաջանյան» ճամբարում։ Ընտանիքի կեցության ու սննդի հարցը «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության ջանքերով այս պահին լուծված է, բայց առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին բազմազավակ մայրը դժվարանում է խոսել, գրում է  «Արմենպրես»-ը։

Լիա, Լուիզա, Լիլիա, Լիաննա, Գայանե, Նվեր․․․ ամենամեծը՝ 11, փոքրը՝ 1 տարեկան է։ Մարտակերտից են։ Հատկապես ավագ երեխաներն են վախով հիշում ադրբեջանական հարձակման մասին։ «Երեխեքիս հավաքեցի, մտա թասքտոց։ Երեք օր թաքստոցում ենք մնացել։ Առանց հացի մնալու արդեն ինը ամիս սովոր էինք, պատահել է՝ սոված ենք քնել, փոքրին՝ Նվերին, ստիպված եմ եղել  չորս օր կաթի փոխարեն քաղցր ջուր տալ»,- ասում է Լուսիկը՝ ավելացնելով, որ մինչև օրս, նույնիսկ այստեղ՝ Շիրակի մարզում, աղմուկ լսելիս երեխաները վախից բղավում են ու փորձում թաքնվել։

Թաքստոցից հետո ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց՝ իրենց համայնքի բնակիչներից շատերն են այնտեղ մնացել, հետո կրկին համայնքային թաքստոցում են թաքնվել։ «Բանակի «Ուրալ»-ով ենք  երեխաներիս ու ամուսնուս հետ Հայաստան եկել՝  մի քանի ընտանիքով։ Մեզ հետ միայն փաստաթղթերն ենք վերցրել։ Ճամփին ադրբեջանցիները իրենց դրոշն էին բարձրացնում ու ծիծաղում, հետն էլ՝ նկարում»,- պատմում է Լուսիկը՝ բացառելով Արցախ վերադառնալու հնարավորությունը. թուրքի հետ ապրել հնարավոր չէ։

2020 թվականին այլ էր՝ այն ժամանակ հաստատ գիտեին, որ վերադարձ կա, բայց հիմա՝ ո՛չ։ Հայաստանում ծանոթ-հարազատ չունեն, բայց հիացած են այն վերաբերմունքից, որ մարդիկ ցույց են տալիս այստեղ։

Միակ ցանկությունը խաղաղությունն է։  «Ես 4 պատերազմ եմ տեսել, երեխաներս էլ չտեսնեն»,- ասում է կինը։

Երիտասարդ կինը, խաղաղությունից բացի, տուն ու աշխատանք է ուզում՝ ամուսինը զինվորական էր, բայց հիմա ցանկացած աշխատանք պատրաստ է անելու, միայն թե տուն ու ապրուստ լինի։ Եթե մանկապարտեզ լինի, ինքն էլ երեխաներին մանկապարտեզ կտա ու կաշխատի՝ կօգնի ամուսնուն։ Նպաստն ու ամուսնու աշխատավարձը մեկ ամսից ավել է՝ չեն ստացել, միանվագ հարյուր հազար դրամը ևս։ Վեցը երեխաներին պահելը դժվար է՝ ասում է Լուսիկը, բայց աշխատանք գտնելն էլ այստեղ՝ Շիրակում, հեշտ չէ, բայց նորից ապրելու ցանկությունն է մեծ՝ հավելում է Լուսիկը։

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 90 անձ է այս պահին բնակվում Թորոսում: