Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 1 -ին, երբ արդեն գրեթե բոլոր արցախցիները լքել էին իրենց հայրենիքը։
Նա Ազատությանն ասել է, որ Արցախում անհետ կորածների որոնողական աշխատանքները ավարտելուց հետո հոկտեմբերի 4 -ին Հակարիի կամրջով Ստեփանակերտը վերջինը լքել են ՆԳՆ նախարարը, Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենն ու փրկարարական 2 և ոստիկանական 1 թիմ։
Թադևոսյանը վստահեցնում է ՝ Արցախում այս պահին իրենց ցանկությամբ մնացել է 8-10 մարդ. - «Մի մասը հոգեկան խնդիրներ ուներ, մի մասն էլ անճար մարդիկ էին, ուզում էին մնալ իրենց քաղաքում և տարհանման պահին ասում էին՝ սա իմ հողն է, և ես ուզում եմ այստեղ մեռնել, նաև կային ադեկվատ մարդիկ»:
Ադրբեջանական լրատվամիջոցները օրերս տեսանյութ և կադրեր էին հրապարակել, նշելով, թե Ստեփանակերտում 30 մարդու համար աջակցության կենտրոն են բացել, որի ծառայություններից օգտվել է 11 անձ։ Հրապարակված կադրերում Հունան Թադևոսյանը ոմանց ճանաչել է։
«Ես այդտեղից մեկ հոգու եմ ճանաչում, Ստեփանակերտում հայտնի Գիպսի Միշիկն է, գիպսերով գեղեցիկ գործեր էր ստանում, նաև խմելու հետ սեր ունեցող մարդ էր, իմ հայրենակիցներն ասացին, որ այդ կադրերում մեծ մասը ալկոհոլի սիրահարներ էին, ովքեր մնացին այդտեղ, տարեց կին կար, ասացին, ազգությամբ ռուս է», - նշեց Թադևոսյանը: