Հետևեք մեզ։

Թաթուլ Հակոբյանը պարզաբանել է, թե ինչու էր գրել, որ Սարգիս Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի պարետ

15:02, 16 հոկտեմբեր 2023
Թաթուլ Հակոբյանը պարզաբանել է, թե ինչու էր գրել, որ Սարգիս Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի պարետ
Լրագրող Թաթուլ Հակոբյանն օրեր առաջ գրել էր, որ Ստեփանակերտում պարետ է նշանակվել էՍարգիս Գալստյանը, երեկ, պարզվեց, ադրբեջանցի պարետ է նշանակել․
 
 
«Քանի որ ճանապարհին էի՝ ղեկին, դրա համար եմ ուշ արձագանքում․
 
Երեկ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում նշանակել է պարետ: Իմ լրագրող գործընկերները հարցնում են, թե պատրաստ եմ ներողություն հայցել, քանի որ շաբաթներ առաջ իմ ֆեյսբուքի էջում գրել եմ, որ ժամանակավոր պարետ նշանակվել է Սարգիս Գալստյանը: Այս նյութը լայնորեն տարածվեց հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում:
 
Միանգամից ասեմ, որ ԱՅՈ, ես պատրաստ եմ իմ ամեն մի տողի համար պատասխան տալ, քանի որ իմ մասնագիտությանը և հանրության հետ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում: Ես հավասարապես պատրաստ եմ սխալ տեղեկատվության համար ներողմտություն հայցել Պուտինից, Ալիևից, Էրդողանից, Շահրամանյանից, Փաշինյանից:
 
2001թ ես Բաբկեն Արարքցյանի մասին մի լուր եմ տվել, որ տարիներ անց, պարզվել է, սխալ է: Մոտ հինգ տարի անց ես պարոն Արարքցյանից հրապարակավ, օրաթերթում, ներողամտություն եմ հայցել:
 
Լրագրողական 30 տարիներին բազմաթիվ գաղտնի, խորհրդապահական լուրեր և փաստաթղթեր եմ հրապարակել: Այո, եղել են դեպքեր, որ լրատվությանը մասամբ է համապատասխանել իրականությանը: Բայց սա լրագրության անքակտելի մասն է: Նյու Յորք թայմսը ամեն օր իր երկրորդ էջում ՈՒՂՂՈՒՄՆԵՐ բաժին ունի, որտեղ տալիս է ճշգրտումներ, հերքումներ:
 
Հիմա այս դեպքի հետ կապված, կրկնեմ:
 
Արցախից Հայաստան տեղափոխված իմ ընկերներից մեկը, ով ծանոթ բարեկամ է Սարգիս Գալստյանին, Երևանից զանգահարել է նրան և հարցրել, թե ինչ է անում Ստեփանակերտում: Գալստյանը, ինչպես ինձ փոխանցել էր նրա բարեկամը, ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ, ասել է, որ ինքը խոսում է Խանքենդիից, իր բարեկամներին, ովքեր ստիպված արտագաղթել են Հայաստան, խորհուրդ է տվել վերադառնալ Ղարաբաղ:
 
Այս լուրը տալիս, ես չեմ նշել անուն-ազգանուն: Այն բանից հետո, երբ ադրբեջանական Աղդամ ԹԻՎԻ-ին Գալստյանի նկարով տվեց նման լուր, գուցե իմ էջեց են վերցրել, ես հրապարակեցի Սարգիս Գալստյանի անունը: Նրա նկարը ես չունեի, քանի որ իր ֆեյսբուքյան էջը այլ անունով է: Հետո գտա նրա ֆեյսբուքի էջը՝ Սարար Շուշի, բնակվում է՝ Սանկտ Պետերբուրգում:
 
Հնարավոր է՞ ինձ մոլորության մեջ են գցել: Գրեթե բացառում եմ:
 
Մի քանի օր անց մամուլում հրապարակվեց մի հրամանագիր-փաստաթուղթ, ըստ որի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, նախքան Արցախը գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը, իր աշխատակից Գալստյանին պաշտոնի է նշանակել:
 
Գուցե Գալստյանը ժամանակավոր կամենդանտ ասելով սա է՞ նկատի ունեցել: Դժվարանում եմ ասել:
 
Ինձ ասացին նաև, դեռ չեմ նայել, ղեկին էի, որ Գալստյանը և իր բարեկամները, որ տեղափոխվել են Հայաստան, պատրաստվում են իմ դեմ դատական հայց ներկայացնել:
 
Սա շատ ողջունելի և քաղաքակիրթ եղանակ է: Շատ ցանկալի կլիներ, որ Գալստյանը անձամբ ներկա լիներ դատարանում: Երկու օր առաջ նրա հետ կապ են հաստատել և, ըստ նրա բերեկամի, Գալստյանը դեռևս Արցախում է: Դատական պրոցեսը նաև կարող է օգտակար տեղեկատվությունների պատճառ դառնալ, հատկապես այսօր, երբ Արցախում իշխանափոխություն իրականացրած անձինք որևէ ձևով չեն պատասխանում լրագրողների հարցերին:
Իմ դեմ դատական հայցը, այո, կարող է շատ օգտակար լինել:
 
Առայժմ այսքանը»։