Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին խնդրում եմ կամավոր, առանց հրահանգների սպասելու, համակարգված միջոցներ ձեռնարկել Արցախի կայքերը վերականգնելու, եղած տեղեկատվությունը առավել ապահով կրիչների վրա տեղափոխելու ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Որպեսզի փաստաթղթային արխիվային նյութերն ամբողջովին չընկնեն թշնամու ձեռքը, ոչնչացվել են, ընդ որում, խոսքը անգամ այնպիսի իրավական ակտերի մասին է, որոնց մի մասը չկա նաև սոցցանցերում:
Եղած պաշտոնական կայքերը հաշված ժամերի ընթացքում փակվել են ադրբեջանական իշխանությունների կողմից: Խնդրում եմ, ելակետ ընդունեք այն, որ այդ նյութերը չափազանց կարևոր են (փակագծերը դեռ բացել հնարավոր չէ), դրանց արժեքը անգնահատելի է, չի կարելի թույլ տալ, որ իսպառ ոչնչացվեն այդ փաստաթղթերի աղբյուրները»,- գրել է նա: