Հետևեք մեզ։

«Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկելու և ԵԽ բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է. Փաշինյան

15:54, 17 հոկտեմբեր 2023
«Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկելու և ԵԽ բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի տեղ իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնել, նման խոստում չի տվել։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը և Ադրբեջանը իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց վերոհիշյալ «միջանցքային» խոսակցությունների, միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները: Այդ ճանապարհների սահմանային կետերում պետք է գործեն սահմանային և այլ վերաբերելի հսկողական ծառայություններ՝ երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա: Սա պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքով, և մենք պատրաստ ենք օր առաջ գնալ այդպիսի լուծումների: Պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլև Հայաստանի հարավային շրջանները հյուսիսարևմտյան շրջանների հետ, Ադրբեջանի հարավարևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, հետագա շարունակությամբ՝ Հայաստանը՝ Թուրքիայի հետ, Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ ԻԻՀ-ի հետ, Արևելքը՝ Արևմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական, հյուսիսը՝ հարավի հետ՝ Ծոցից մինչև Սև ծով: Հայաստանում այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ», բայց կարծում եմ՝ այս նախագիծն ավելի տարածաշրջանայնացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է: Եվ այս անունը նույնքան կարևոր և ընդունելի է մեզ համար»,- ասաց նա։

 

Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը պատրաստ է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները: