Ես բազմիցս ասել եմ, որ խնդրելով որևէ մեկը տարածքային ամբողջականություն չի պարգևում։ Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել է և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը։
Այս մասին այսօր դատական նիստից հետո ասաց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին, թե այդ ամենը հնարավո՞ր է ժողովրդավարությամբ ապահովել, եթե այդպես է՝ ինչո՞ւ չապահովվեց Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, Սերժ Սարգսյանն ասաց․ «Իհարկե հնարավոր է, բոլոր ֆորմատներով հնարավոր է ապահովել, և ժողովրդավարությունը, երևի, լավագույն ձևն է, բայց ձեր կարծիքով Հայաստանում ժողովորդավարությու՞ն է, եթե ժողովորդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալ կա, եթե այսօր մեր հայրենիքի մի հատվածից 150 000-ն ուղղակի արտաքսվել են այնտեղից, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։