Հետևեք մեզ։

Ինչո՞ւ է ձգձգվում ԱԺ բակում բացօթյա սրճարանի կառուցումը․ մրցույթը շահում՝ գործը չեն անում

18:20, 18 հոկտեմբեր 2023
Ինչո՞ւ է ձգձգվում ԱԺ բակում բացօթյա սրճարանի կառուցումը․ մրցույթը շահում՝ գործը չեն անում

Hayastan.news-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի ղեկավարությունը ԱԺ բակում՝ ծառերի տակ, բացօթյա սրճարան է կառուցում։ Թեև իրենք դրա անունը դրել են ԱԺ ճաշարանի ընդլայնում՝ պատճառաբանելով, որ շենքի ներսում գործող սրճարանը, որ վերջերս էր նորոգվել և արդիականացվել, իբրև թե փոքր է՝ ամբողջ ԱԺ-ին չի հերիքում, բայց նոր կառուցվողը փաստացի հենց բացօթյա սրճարան է լինելու՝ դրսում, ծառերի տակ։ Մնում է՝ կառուցեն։ Սրճարանի կառուցման որոշումը կայացվել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին՝ ԱԺ նախագահի ցանկությամբ և հավանությամբ, բայց աշխատանքները սկսել էին ամառվանից։ Սակայն մինչ օրս դեռ որևէ լուրջ աշխատանք չի կատարվել՝ ընդամենը մի քանի տեղ փոս են փորել, որ բետոն աներ ու այդպես թողել են։ Պատճառը, պարզվում է, մրցույթին մասնակցած ու հաղթած շինարարական ընկերությունների անպատասխանատվությունն ու անբարեխիղճ մոտեցումն է։

 

ԱԺ լրատվական վարչությունից Hayastan.news-ին սրճարանի կառուցման աշխատանքների ձգձգման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասացին, որ ԱԺ աշխատակազմը մրցույթ էր հայտարարել սալիկապատման համար, մրցույթը հաղթել է «Լիդեր-քոնսթրաքշն» շինարարական կազմակերպությունը, սակայն աշխատանքները չի կատարել։ Հիմա պետք է այդ ընկերության դեմ որոշակի քայլեր ձեռնարկվեն՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար, որից հետո նոր մրցույթ կհայտարարեն։

 

Հետաքրքիր է, որ մեր նախորդ հարցմանն ի պատասխան՝ ԱԺ աշխատակազմից հայտնել էին, որ Ազգային ժողովի բակում կառուցվող սրճարանի սալիկապատման աշխատանքների համար պայմանագիր է կնքվել «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ՝ ընդհանուր 4 մլն 686 հազար 684 դրամ արժեքով։ Հիմա էլ մեր հարցին ի պատասխան՝ ասացին, թե սալիկապատման համար մրցույթում հաղթող է ճանաչվել «Լիդեր-քոնսթրաքշն» ընկերությունը։ Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչ պետք է աներ ի սկզբանե նույն նպատակով հայտարարված մրցույթում հաղթած «Հիպերնովա» ընկերությունը։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ ԱԺ աշխատակազմը չի կարողանում արդյունավետ կազմակերպել գնումների ու շինարարական գործընթացը, չի ստացվում նորմալ միցույթ հայտարարել ու նորմալ շինարար գտնել, որ ԱԺ բացօթյա սրճարանը ժամանակին կառուցվի, և պատգամավորները հանկարծ սոված չմնան, կամ այդ «փոքր ու նեղ» ճաշարանում «ժամերով» հերթ չկանգնեն, կամ էլ գոնե գոնե հասցնեին աշնանային զով եղանակին ԱԺ բակում մի բաժակ սուրճ վայելելու հաճույքից օգտվել։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ