Հետևեք մեզ։

Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա. «Հրապարակ»

09:38, 19 հոկտեմբեր 2023
Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել էր․ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին: Այս պահին Ադրբեջանում դեռեւս 2020-ի պատերազմից մնացած գերիներ կան, տարբեր հաշվարկներով՝ մոտ 80 անձ, իսկ այս սեպտեմբերի 19-ից հետո գերեվարվեցին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար՝ գեներալ Լյովա Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

 

ԱԳՆ-ից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք Հայաստանում այս պահին կան ադրբեջանցի ռազմագերիներ, որոնց կարող ենք փոխանակել` Մարիա Զախարովայի առաջարկած բանաձեւով: ԱԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ Հայաստանն ադրբեջանցի ռազմագերի չունի:

 

Այսինքն՝ պատերազմից հետո բոլորին հանձնել են: Իսկ հարցին, թե Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում Ադրբեջանի քանի դատապարտյալ կա, ԱԳՆ-ից չպատասխանեցին` նշելով, որ պետք է դիմել իրավասու մարմնին:

 

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում ադրբեջանցի 2 ահաբեկիչներ են դատապարտվել, որոնցից մեկը` Հուսեյն Ախունդովը, սպանել էր ԶՊՄԿ պահակին: Չի բացառվում, որ Հայաստանում այս պահին միայն այս 2 ադրբեջանցիները լինեն»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։