Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Նվագախումբը ներկայացրեց «Տարվա եղանակները և բլյուզ» համերգային ծրագիրը։ Հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցայինը» սիմֆոնիկ նվագախմբի համար և Էտյուդը հրեական թեմաներով‚ Ալեքսանդր Գլազունովի «Տարվա եղանակները» բալետային երաժշտությունը և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց իտալացի դաշնակահար Ջուլիանո Մացցոկանտեն։ Դաշնակահարը նշում է‚ որ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը ձայնագրվել‚ հնչեցվել է շատ ու շատ անգամ‚ և դրանցից յուրաքանչյուրը միանգամայն տարբեր է‚ ինքնատիպ։ «Ռապսոդիան բլյուզի ոճով» իսկական հեղափոխություն էր‚ հաղափոխություն բոլորի համար։ Շատ դաշնակահարներ այս գործը կատարում են խորապես դասական ոճով‚ մյուսները՝ միանգամայն այլ կերպ։ Այն‚ ինչ ես զգում եմ այս երաժշտության մեջ‚ ուրախությունն է‚ կյանքի գեղեցկությունը։ Գերշվինն իր արվեստով պարգևում է ներշնչանք։ Ես սիրում եմ այս ստեղծագործությունը. այն կատարելիս իմ զգացմունքների հետ ազատ եմ»‚- ասաց Ջուլիանո Մացցոկանտեն։
Նշենք‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով: Առաջիկա ամիսներին այս նախաձեռնության շրջանակում նվագախմբի ունկնդիրներին, գործընկերներին և բոլոր բարեկամներին հնարավորություն կընձեռվի իրենց նվիրատվություններով հոգալու արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները և նպաստելու նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական կրթական և այլ ծառայությունների հասանելիությունը: Առաջիկա ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տոմսերը կվաճառվեն նվազագույն արժեքով՝ բոլորին քաջալերելով հաճախել համերգներին և նվագախմբի հետ տեղում կատարել հանգանակություններ կանխիկ ու անկանխիկ եղանակներով։ Այսօր կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը։ Միասի՛ն օգնենք արցախցի երեխաներին»։