ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի երեխաներից մեկը կրթություն է ստանում արտերկրում։ Այս մասին լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց Անդրեասյանը։
«Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության և անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել։ Իմ երեխաներն այստեղ պետական դպրոցներում են սովորել։ Այս պահին իմ երեխաներից մեկն է, որ բարձրագույն կրթության համակարգ է մուտք գործել և իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ կրթությունը շարունակելու է։ Այդ բուհը չի գտնվում Հայաստանում և ես համարում եմ, որ դուք մտնում եք անձնական տիրույթ, որի իրավունքը բացարձակ չունեք»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ իր երեխաները, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացու երեխա, ազատ են որոշելու, թե որտեղ իրենց կրթությունը շարունակեն։
Նախարարը նշեց, որ եթե իր երեխաների մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում, իր երեխաները չպետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սահմանափակվեն իրենց որոշման մեջ։