Հետևեք մեզ։

Պարզ է դառնում, որ Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու իշխանությունների «կոնցեպտն» ընդամենը իրենց բնորոշ պոպուլիստական փուչիկ էր․ Լիլիթ Գալստյան

22:58, 19 հոկտեմբեր 2023
Պարզ է դառնում, որ Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու իշխանությունների «կոնցեպտն» ընդամենը իրենց բնորոշ պոպուլիստական փուչիկ էր․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը գրում է․
 
«Այսպես՝ խորիմաստ, ակադեմիական հայացքով, 2022-ի սեպտեմբերի 22-ին Աշտարակում քննարկում էին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում ակադեմիական քաղաքը կառուցելու «կոնցեպտը»։
 
Այստեղ՝ խորիմաստ-ից հետո, բանալի բառը կոնցեպտն է, որն հայերեն հայեցակարգ բառի համարժեքն է։ Կոնցեպտի համաձայն նախատեսվում էր տարածքում տեղակայել 8 բուհ, իսկ քաղաքը նախատեսված էր լինելու մինչև 50 հազար մարդու համար։ https://escs.am/am/news/13763
 
Օրեր անց Արագածոտնի հանդերում Նիկոլն անձամբ էր ներկայացնում կոնցեպտը։
 
Այս օրերին իսկ ակնհայտ էր իշխանության հերթական «կոնցեպտի» պղպջակայնությունը։ Բարձրաձայնեցի այդ մասին․ հարցերը բազմաթիվ էին՝ Հայաստանի ռազմավարական զարգացման ի՞նչ առաջնահերթությունների և հայեցակարգի վրա է կառուցված ծրագիրը, աշխատաշուկայի ի՞նչ ուսումնասիրություն է ընկած նրա հիմքում, ո՞ր բուհերն են տեղափոխվելու և ի՞նչ սկզբունքների և չափանիշների վրա է կառուցված ողջ հայեցակարգը և այլն։
 
 
Փորձեցի ԿԳՄՍ նախարարությունից ստանալ հարցերի պատասխանը և՝ զուր։ ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանն ասաց, որ վարչապետի տիրույթում է, ինքը չի կարող նյութեր տրամադրել, հանձնաժողով է ձևավորվել․․․
 
2022-ի սեպտեմբերի 22-ից յոթ ամիս անց միայն՝ post factum, 2023 թ․ ապրիլի 21-ին է/ N 585-Ա/ ՀՀ կառավարությունը որոշում ընդունել ստեղծել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որովհետև անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:
 
Հիշու՞մ եք․ այդպիսի մի չգո հայեցակարգով էլ Բրյուսով-Ֆիզկուլտ-Մանկավարժական խառնարան էին ուզում ստանալ։
 
Կառավարության այսօրվա նիստից պարզ է դառնում, որ Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու իշխանությունների «կոնցեպտն» ընդամենը իրենց բնորոշ պոպուլիստական փուչիկ էր, լայքաբեր մի անամոթ ու կործանարար դատարկախոսություն՝ Սնուպ Դոգի, Սու-երի, կարմիր ժապավենով բացված ու չգործող գործարանների, անտռուսիկ զինվորների, անվառելիք տանկերի և առհասարակ մեզ շրջապատող ամեն ինչի մասին։
 
Դուք մի բանում հաստատ անգերազանցելի եք՝ դա սուտն է։ Իմ համոզմամբ մարդկային ամենածանր մեղքը»։