ԱՄՆ դաշնային բյուջեում Ուկրաինային օգնության միջոցները գրեթե սպառվել են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Այնուամենայնիվ, միջոցներն ու լիազորությունները, որոնք Կոնգրեսը նախկինում ճնշող մեծամասնությամբ հաստատել է, գրեթե սպառվել են», - ասել է ամերիկացի խորհրդականը լրագրողների համար հատուկ առցանց ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ վարչակազմի կողմից Կոնգրեսին լրացուցիչ խոշոր բյուջետային հատկացումների խնդրանք ուղարկելուն` Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու համար:
Ամերիկյան վարչակազմը չի բացառում Ուկրաինային սպառազինության համակարգեր և զինտեխնիկա մատակարարել, որոնք նախկինում չեն փոխանցվել, սակայն նոր բյուջետային հարցումը ԱՄՆ Կոնգրեսին՝ Կիևին հետագա աջակցության համար, որևէ կոնկրետ հղում չի պարունակում նման ապրանքների մասին, նշել է Սալիվանը։
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ի սկզբանե, հարցման մեջ կոնկրետ չի նշվում, թե ինչ սպառազինության համակարգեր են մատակարարվելու», - ասել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը։
Այնուամենայնիվ, նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները «ժամանակի ընթացքում նոր սպառազինությունների համակարգեր են ավելացրել» Կիևին մատակարարվողներին:
«Նախագահը կարող է, իր հայեցողությամբ, ելնելով հակամարտության հանգամանքներից, տեղում տիրող իրավիճակից, ինչպես նաև դաշնակիցների հետ խորհրդակցությունների արդյունքներից, որոշել, թե արդյոք նա Ուկրաինային կտրամադրի զենք, որը մենք նախկինում չենք փոխանցել», - ընդգծել է Սալիվանը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «պայմանագիր է կնքել որոշ զինատեսակների համար», որոնք «դեռևս արտադրության փուլում են»։ «Մենք ակնկալում ենք, որ դրանք կփոխանցվեն առաջիկա ամիսներին», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: