Հետևեք մեզ։

Առաջնագծում մարտական գործողություների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան

13:30, 23 մարտ 2023
Առաջնագծում մարտական գործողություների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության կողմից կա արձանագրում, որ էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է։ Այս մասին ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նաև նշեց, որ կուտակումների մասին լուրեր կան, այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես ավելացել են Արցախի շփման գծի ուղղությամբ, դրանք նաև քաղաքացիական անձանց ուղղությամբ են․ «Ադրբեջանը, վտանգելով խաղաղ բնակիչների անվտանգությունը, փորձում է խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը՝ ըստ էության խնդիրներ ստեղծելով պարենային անվտանգության տեսանկյունից»,-ասաց Աբրահամյանը:

«Տեղաշարժերի, կուտակումների հանգամանքը շատ ավելի խորը ուսումնասիրության պետք է ենթարկվի, որ ավելի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգավորություն են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար, և, թե ինչ նպատակներ են հետապնդում: Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալից, ուղղություններից, շատ ավելի խորը վերլուծությունից է միայն հնարավոր հասկանալ, թե ինչ նպատակ է դա հետպանդում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 Ըստ նրա՝ հաշվի առնելով առաջնագծի բավականին խտացված լինելը՝ կարող է բերել միանգամից իրավիճակը թեժացնելու հնարավորության:

«Այս պահին առաջնագծում մարտական գործողություների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով, մասնավորապես ՀՀ իշխանության կողմից հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջարկել է այնպիսի պայմաններ, որի դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա՝ այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը»։

Նրա խոսքով՝ ինքն այն կարծիքին է, որ այդ կարմիր գծերը վաղուց են հատվել։

 

Վերլուծական