Բախումները կարող են սկսվել ցանկացած պահի․ այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ներկա վիճակի և ռազմական գործողությունների հավանականության մասին:
«Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ գործողությունները, նաև Ադրբեջանի կողմից իրականացվող կոնկրետ նախապատրաստական գործողությունները, Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ տիրող իրավիճակը խոսում են նրա մասին, որ այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում: Եվ պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի: Սա ասում եմ ոչ թե մեր ժողովրդին վախեցնելու, այլ նաև պատրաստակամության համար, որ ի վերջո պետք է համախմբվել ու գնալ սեփական հողը պաշտպանելու»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ տիրող աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, խոսում են այն մասին,որ ցանկացած ժամանակ կարող է բախում լինել։
Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին, Սեյրան Օհանյանն ասաց․ «Խաղաղության գնում են մի քիչ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը: Խաղաղության գնում են այն պայմաններում, երբ հակամարտող պետությունները պայմանավորվել են միմյանց հետ դառնալ հարևան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ ապրելու: Արդյոք այս իրավիճակում Ադրբեջանի գործողությունները խոսո՞ւմ են այն մասին, որ նրանք կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Հայաստանի Հանրապետության հետ»,-հարցրեց նա։