Հետևեք մեզ։

50 000-ական դրամ չեն ստանա այն արցախցիները, ում բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ․ փոխվարչապետը մանրամասնում է նոր ծրագիրը

17:53, 23 հոկտեմբեր 2023
50 000-ական դրամ չեն ստանա այն արցախցիները, ում բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ․ փոխվարչապետը մանրամասնում է նոր ծրագիրը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով նախատեսվող դրամական աջակցության շահառու կհանդիսանան հիմնականում այն անձինք, որոնք 100 հազարական դրամի չափով միանվագ աջակցություն են ստացել նախորդ միջոցառման շրջանակներում

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 23-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրել է  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր կառավարությունում ընդունված որոշմանը՝ ըստ որի  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կստանան 50 հազարական դրամ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով։

«Այս դեպքում շահառու կհանդիսանան նաև նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն, սակայն մեկ այլ չափանիշ կգործի․բացառություն կկազմեն մեր այն հայրենակիցները, ում բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ, հետևաբար այն աջակցությունը, որ կատարվում է առաջնահերթ, հատկապես՝ սննդի ծախսերի փոխհատուցման նպատակով, տրամաբանորեն չի ունենա այդ մարդկանց համար   այնքան օգտակարություն, որքան՝ մյուսների»,-մանրամասնել է փոխվարչապետը։

Անդրադառնալով հարցին, թե բանկային գաղտնիքի պայմաններում ինչպես են համադրվելու բանկային հաշվի վրա առկա տվյալները, նա պարզաբանել է, որ որևէ հակասություն չկա և ամեն ինչ օրենքի սահմաններում է լինելու։

«Կառավարությունը և համապատասխան մարմիններն այդ անձանց բանկային հաշիվներին որևէ հասանելիություն չունեն, ինչպես օրենքն է պահանջում, և չեն ունենալու։ Մենք կնախատեսենք դիմումների կարգ և կունենանք նախապես գրանցման համակարգ։ Երբ կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվներ ունեցող մեր հայրենակիցներն աջակցության շահառու չեն լինի, այդ մարդիկ ուղղակի կտեսնեն և իրենց համապատասխան դիմումները չեն ներկայացնի՝ իմանալով, որ իրենք շահառու չեն հանդիսանում»,-ներկայացրել է Խաչատրյանը՝ հավելելով, որ Կենտրոնական բանկն իր իրավասության սահմաններում, նախապես ստացված բոլոր դիմումների ըստ էության ստուգում կիրականացնի և կտրամադրի բոլոր այն քարտային հաշվեհամարները, որոնք շահառու են հանդիսանալու տվյալ միջոցառման շրջանակներում։

Ըստ՝ փոխվարչապետի՝ անկախ աշխատանք գտնելու հանգամանքից, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք այդ  երկամսյա դրամական աջակցությունը ստանալու են։