Հետևեք մեզ։

Դա պետք էր շուտ անել, ոչ թե ողբալ՝ փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս, նույնն է, թե գնամ տուն, ասեմ`կնիկ, ես փող ունեմ, բայց ինձ հաց չեն վաճառում․ Արթուր Խաչատրյանը՝ Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրի մասին

13:26, 24 հոկտեմբեր 2023
Դա պետք էր շուտ անել, ոչ թե ողբալ՝ փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս, նույնն է, թե գնամ տուն, ասեմ`կնիկ, ես փող ունեմ, բայց ինձ հաց չեն վաճառում․ Արթուր Խաչատրյանը՝ Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրի մասին

 

Հինգ տարվա ընթացքում, վերջապես, հաջողացրեցին Ֆրանսիայից 3 ռադիոլակացիոն կայան ձեռք բերել ու ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև երեկ ստորագրված՝ սպառազինության ձեռքբերման մասին պայմանագրին։

 

«Դա պետք էր շուտ անել, ոչ թե ԱԺ ամբիոնից ողբալ, թե՝ փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս։ Դա նույնն է, որ ես գնամ տուն, ասեմ` կնիկ, երեխեք, ես փող ունեմ, բայց մեր խանութում ինձ հաց չեն վաճառում», - ասաց Խաչատրյանը:

 

Ըստ Խաչատրյանի՝ սպառազինության ձեռքբերման պայմանագիրը դրական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության համար։

 

Անդրադառնալով երեկ Թեհրանում 3+3 ձևաչափով նախարարների հանդիպմանը՝ Խաչատրյանը նշեց, որ ընդունված համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից։

 

«Ադրբեջանը, մի կողմից ընդունում է նման հայտարարություն, մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը՝ հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիան»,-ասաց Խաչատրյանը: