Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Հայաստան բռնագաղթելուց հետո զբաղված է արցախցի հայրենակիցների խնդիրների լուծմամբ։ Hayastan.news-ի հետ զրույցում նա ասաց, որ գնահատում է արցախցիների կարիքները, նրանց համար այդ կարիքների բավարարմանն ուղղված աշխատանքներ է կատարում՝ փորձելով լուծել նրանց սոցիալական և առողջական խնդիրները։ Անդրադռանալով մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների բողոքի ակցիային և դրա կազմակերպիչներին՝ տիկին Հակոբյանն ասաց, որ ինքն այդ ակցիային չի մասնակցել, որովհետև նախ՝ արցախցիների խնդիրներով մարզերում էր, քանի որ կարծում է՝ իրենց արածն ավելի կարևոր է, քան ինչ-որ տեղ հավաքվելն ու ջուր ծեծելը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի ներկայացուցչության մոտ, դա նախօրոք ծրագրավորած, պլանավորած բան էր, և եթե ուշադիր եք եղել, երեք օր առաջ սոցիալական ցանցերով արդեն մարդկանց ուղղորդում էին դեպի այն քայլերը, ինչ տեղի ունեցավ։ Ուղղորդում էին այն ուժերը, այն պրոյեկտները, որոնք դեռևս 2018 թվականին այստեղի իշխանությունների կողմից ստեղծվել էին Արցախում և հակաարցախյան գործողություններով էին զբաղված հինգ տարի շարունակ։ Իհարկե, իրենք երբեք էդպես էլ աջակիցներ չունեցան, բայց կարողացան էդ տպավորությունը ստեղծել»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ