Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված, ապա կալանավորված Վագիֆ Խաչատրյանը մոտ երեք ամիս է՝ Բաքվի բանտերից մեկում է։ Դատական գործընթացում, որը նախաձեռնվել է ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից, Վագիֆ Խաչատրյանը միայնակ է, նրան տրամադրվել է, այսպես կոչված, իրավապաշտպան և թարգմանիչ։
Դեռ նախորդ նիստի ժամանակ Վագիֆ Խաչատրյանը հերքում էր ադրբեջանական կողմի մեղադրանքներն առ այն, թե նա մասնակից է եղել «Խոջալուի Մեշալի գյուղում ադրբեջանցիների զանգվածային սպանություններին», որոնք իբրև թե իրականացվել են հայերի կողմից։
Արդեն այսօր Խաչատրյանը հանդես է գալիս հայկական կողմի համար անհասկանալի, բայց Բաքվի ձեռագրին հարիր հայտարարություններով․ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, թե Վագիֆ Խաչատրյանը ասել է, որ 1991 թվականի հունիսի 15-ին 30 օրով կալանավորված է եղել Շուշիում «ադրբեջանցիների նկատմամբ հանցավոր արարքների և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար»։
«Նա նշել է, որ այդ մեկ ամիսը բավարար է եղել դասեր քաղելու համար և նա որոշել է այլևս գործ չունենալ այդ ամենի հետ։ Նա ատամով ծակել է երակը, տեղափոխվել հիվանդանոց, որտեղից էլ հայ բժիշկների օգնությամբ փախել է»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է նաև, թե Խաչատրյանը ներողություն է խնդրել ադրբեջանցի ժողովրդից։
Մի քանի օր տարբերությամբ ցուցմունքների նման հակասությունը խոսում է այն մասին, որ Բաքուն այս կերպ հող է նախապատրաստում Վագիֆ Խաչատրյանի կալանքը հիմնավորելու համար։