Հետևեք մեզ։

Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով, հերոս ծնողը չի կարող ո՛չ պատվեր կատարող լինել, ո՛չ վախկոտ․ Նաիրա Հովսեփյան

11:26, 25 հոկտեմբեր 2023
Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով, հերոս ծնողը չի կարող ո՛չ պատվեր կատարող լինել, ո՛չ վախկոտ․ Նաիրա Հովսեփյան

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուի ընտրության հարցը:

ԲԴԽ-ն այդ պաշտոնում առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:

Ելույթ ունենալիս թեկնածուներից Նաիրա Հովսեփյանը նշեց՝ Հայաստանն իր համար սրբություն է: 

«Սրանք ինձ համար լոկ բառեր չեն։ Ես առաջնորդվում եմ Գևորգ Արշակյանի կողմից ստեղծված հայրենիքի սիրո բանաձևով` հայրենիքը սիրում են այն ճանաչելով, երկիրը սիրում են այն շենացնելով։ Գևորգս ասում էր՝բոլորն էլ ունեն երազանքներ, բայց ոչ բոլորն են գնում դրանց հետևից։ Ես գնում եմ իմ երազանքի հետևից դեպի ուժեղ Հայաստան», - ասաց Հովսեփյանը, ով 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է։

Պատասխանելով երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցադրմանը առ այն, թե ինչպես է Նաիրա Հովսեփյանը քայլելու փողոցում` Հովսեփյանն ասաց՝ միշտ հպարտ է քայլել: 

«Դուք ուզում էիք ասել, որ ես պատվեր կատարող եմ, վախկոտ եմ։ Հերոս ծնողն ու դաստիարակողը չի կարող լինել ո՛չ պատվեր կատարող, ո՛չ վախկոտ, սա անհերքելի ապացույց է», - ասաց նա:

Վերլուծական