Ինչպես ավելի վաղ նշել էի, Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։ Այս մասին թվիթերյան (X)-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Երեկ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հերքել է իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրել հայերեն՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել։
Սակայն թարգմանիչը փոխանցել է, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելով։
Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր գերիներին»,- գրել է Մարուքյանը և հրապարակել տեսանյութ, որը հասանելի է այստեղ։