Հետևեք մեզ։

Ի՞նչ է քննարկվել Թեհրանում 3+3 ձևաչափով, այդ թվում՝ կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով․ մանրամասնում է ԱԳ նախարարը

17:44, 25 հոկտեմբեր 2023
Ի՞նչ է քննարկվել Թեհրանում 3+3 ձևաչափով, այդ թվում՝ կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով․ մանրամասնում է ԱԳ նախարարը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել օրերս Թեհրանում 3+3 ձևաչափով տեղի ունեցած հանդիպումից, մասնավորապես՝ պատգամավորն ակնկալեց, որ նախարարը մանրամասներ ներկայացնի՝ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ինչ քննարկումներ են տեղի ուենցել, մեր հարևան երկրների մոտեցումներն ինչպիսին են եղել։

 

Միրզոյանն ասաց, որ ինչպես նախկինում, այդպես էլ այդ օրը հնարավորություն եղավ ասելու, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար՝ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ և, համապատասպանաբար, մյուս երկրների տարածքով նույնպես՝ նրանց ինքնիշխանության, իրավազորության ներքո։

 

«Ավելին ասեմ, ՀՀ կառավարությունն այս ապաշրջափակումը խրախուսելու համար նույնիսկ համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում է դրա առաջ մղմամբ, այն է՝ «Խաղաղության խաչմերուկը»։ Մենք համոզված ենք, որ հենց Հայաստանի տարածքով ռեգիոնալ և մեծ միջազգային, կոմունիկացիոն, լոգիստիկ ենթակառուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը, և դրա առաջին շահառուն և առաջին առաջ մղողը հենց Հայաստանի Հանրապետությունն է։ Անշուշտ, եթե կան երկրներ, որոնք այլ նկատառումներով են խոսում ենթակառուցվածքների մասին, այլ կերպ են պատկերացնում, սա, իհարկե, տեղի ունենալ չի կարող, ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքի համապատասխան, այն է՝ մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ»,-ասաց ԱԳ նախարարը։