Հետևեք մեզ։

Ես խնդրում եմ համակերպվել այդ աղմուկի հետ, ընդհանուր մոտեցումները չեն սրբագրվելու․ ԿԳՄՍ նախարարը՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի մասին (տեսանյութ)

18:52, 25 հոկտեմբեր 2023

 ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայարցեց 7-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած մի շարք պատմական ու քերականական սխալների մասին և հետաքրքրվեցին, թե ինչպիսին է լինելու այս դասագրքի ճակատագիրը։ ԿԳՄՍ նախարարն էլ ասաց, որ հանրակրության բարեփոխումների քննարկումների սկզբից ի վեր չի դադարում աղմուկը, որը նա անվանեց արշավ՝ ընդդեմ այդ բովանդակային փոփոխություններին, և որոնք իրենց հիմքում ունեն արժեբանական փոփոխություններ։

 

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր դպրոցում ամենակարևոր արժեքը և այն առանցքը, որի շուրջ պետք է կառուցվի կրթությունը, դա մեր պետությունն ու պետականությունն է՝ իբրև արժեք։ Եւ, բնականաբար, պատմությունը՝ որպես ամենաառանցքային առարկաներից ու դասընթացներից մեկը, որը պետք է ուսուցանվի, այն առարկաներից մեկն է, որտեղ այդ պետականության արժեքը պետք է ամրապնդվի»,-իբրև նախաբան՝ ասաց Ժաննա Անդրեասյանը։

 

Ապա ավելացրեց՝ անդրադառնալով բուն դասագրքին․ «Ես խնդրում եմ համակերպվել այն աղմուկի հետ, որ կա։ Մենք ուշադիր ենք այն բովանդակային, ռացիոնալ դիտարկումներին, որոնք արվում են։ Դասագրքերն առաջին տարին են, որ մտնում են դպրոց, և բոլոր այն դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական վրիպակներին, փաստական անճշտություններին, դրանք բոլորը վստահաբար կլրամշակվեն, արդեն երկրորդ կիսամյակի ընթացքում կլինեն համապատասխան ուղղումները։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր մոտեցումներին, դրանք չեն սրբագրվելու, որովհետև այդ այն մոտեցումներն են, որոնք կազմում են հանրակրության բովանդակային փոփոխության առանցքը»։