ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզում ռուս զինծառայողների վիրավորումն ու միջադեպին Մոսկվայի հնարավոր արձագանքը՝ ասելով, որ այն պարտադիր չէ, որ հրապարակային լինի:
Ճեպազրույցի ժամանակ Զախարովան դեպքի առնչությամբ հայտարարել է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են պաշտպանության նախարարության միջոցով: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին։ Երբ այդ արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական տալ:
«Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե ինչ-որ բան չի ասվում հրապարակային, ապա դա չի նշանակում, որ այն չի ասվում հեռախոսով, անձամբ, պաշտոնական գրագրություններում և այլն»,–ասել էՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Սյունիքի մարզպետարանը հայտնել էր, որ Գորիսի բժշկական կենտրոն են դիմել երկու ռուս զինվորականներ՝ գլխի վնասվածքներով: Ստանալով բուժօգնություն՝ նրանք դուրս են գրվել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ միջադեպը տեղի է ունեցել մառախուղի պատճառով մոլորված հայ զինծառայողի որոնողական աշխատանքների ընթացքում, երբ ադրբեջանական կողմը կրակ է բացել։