«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանին երեկ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրեցին, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Այս նշանակումների մասին «Հրապարակը» գրել էր դեռեւս հունիսի 11-ին։
Մասնավորապես գրել էինք, որ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը, հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ ԲԴԽ-ում գրեթե բոլորը գիտեին, որ սա Դավիթ Խաչատուրյանի երազանքն է։ Նրա համար վճռաբեկում տեղ ազատեցին` Ելիզավետա Դանիելյանին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան, քանի որ եղբայրներից մեկը չէր կարող աշխատել Հակակոռուպցիոն կոմիտեում, մյուսը` Հակակոռուպցիոն դատարանում․ դա արդեն չափից դուրս ակնառու շահերի բախում կլիներ։
ՔՊ մեր աղբյուրները պատմեցին, որ Խաչատուրյանի թեկնածությունը լուրջ դժգոհություն է առաջացրել խմբակցությունում, քանի որ ընդամենը 2 տարի առաջ էին նրան ընտրել ԲԴԽ անդամ, եւ պատգամավորներից ոմանք սա անհարգալից վերաբերմունք են համարել իրենց նկատմամբ` ընտրում են մեկին, որոշ ժամանակ հետո մարդը հրաժարվում է բարձր պաշտոնից եւ նորին ձգտում:
Սակայն ՔՊ-ն, այդուհանդերձ, միաձայն կողմ քվեարկեց` 71 հոգանոց խմբակցությունից ստանալով 67 ձայն։ Անգամ ԱԺ քննարկման ժամանակ ոմանք չթաքցրին վրդովմունքը․ Սոնա Ղազարյանը եւ էլի մի քանիսը հարցրին թեկնածուին՝ արդյոք վիրավորական չէ՞ ԱԺ-ի համար. մենք ձեզ 5 տարով ընտրել ենք ԲԴԽ անդամ, 3 տարի հետո հավակնում եք վճռաբեկի դատավորի պաշտոնին։
Հունիսին գրել էինք նաեւ, որ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավորի տեղի համար պայքարում են ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանն ու Նաիրա Հովսեփյանը, հաղթեց Հովսեփյանը։ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի տեղը, հավանաբար, կզբաղեցնի Արտակ Զեյնալյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։