Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումի ժամանակ իր ելույթում հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։
«Այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի նախագծի վրա։ Հուսով եմ, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի առաջիկա ամիսներին։
Մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է։ Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող ճանապարհներն ու երկաթուղիները արդեն 30 տարի չեն գործում, չեն գործում արևելքը արևմուտքին կապող մի շարք ավտոմոբիլային ճանապարհներ։
Այդ կոմունիկացիները կարող են Կասպից ծովը Միջերկրական ծովին, ու Պարսից ծոցը Սև ծովին կապող արդյունավետ կոմունիկացիաներ դառնալ»,–ասել է Փաշինյանը։