Մենք չենք վախենում իշխանությունը կորցնելուց։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը։
Հարցին՝ այսքանից հետո ոչ մի մտավախություն չունեն, որ իշխանություն չունենալու դեպքում շարունակելու են հանգիստ ապրել Հայաստանում, Վարդանյանն ասաց․
«Ես, ինչպես մինչև այսօր ապրել եմ Երևանի կենտրոնում պարզ ճակատով, այնպես էլ շարունակելու եմ», - ասաց Վարդանյանը։
Լրագրողի հարցին, Նիկոլ Փաշինյա՞նն էլ է ազատ քայլելու փողոցում իշխանությունը կորցնելուց հետո, նրա նկատմամբ քրեական գործ չի՞ հարուցվելու, քաղաքացիները չե՞ն հարցնելու, թե ինչու հանձնեց Արցախը, Նուարդ Վարդանյանը պատասխանեց.
«Իհա՛րկե, Նիկոլ Փաշինյանն է քայլելու։ Արցախը չեն հանձնել։ Խնդրում եմ ինձ էդ դաշտ չմտցնել, ես ավագանու անդամ եմ, եթե տրանսպորտի մասին հարց կա, տվեք»։
Այնուհետև Վարդանյանը նշեց, որ իր քաղաքական թիմը, իհարկե, սխալներ գործել է, քանի որ սխալներ գործում են նրանք, ովքեր աշխատում են։