Հետևեք մեզ։

ՊՎԾ-ն 6 բժշկական կենտրոնում շուրջ 542մլն ՀՀ դրամի խախտումներ է արձանագրել

17:48, 23 մարտ 2023
ՊՎԾ-ն 6 բժշկական կենտրոնում  շուրջ 542մլն ՀՀ դրամի խախտումներ է արձանագրել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2020 և 2021 թվականների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) արձանագրվել են բազմաթիվ ընթացակարգային թերություններ և բացթողումներ, որոնք հանդիսանում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից առնվազն ոչ արդյունավետ կառավարման և աշխատանքային գործառույթների՝ ոչ պատշաճ կատարման արդյունք:

Այսպիսով՝ արձանագրվել է, որ ԱՆ Պետական առողջապահական գործակալության կողմից իրեն տրված համակարգման և վերահսկման գործիքակազմի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման պայմաններում ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպություններ 2020-2021թ.թ. ընթացքում փոխհատուցման են ներկայացրել պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող կամ ավելի ցածր արժեքով փոխհատուցման ենթակա բժշկական ծառայությունների մատուցման դեպքեր և դրանց դիմաց պետական բյուջեից ստացել գումարներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից Պետական առողջապահական գործակալության փորձագետ-մշտադիտարկողների ներգրավմամբ թվով 6 բժշկական կազմակերպություններում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 541.690.017,0 ՀՀ դրամի խախտումներ, որից այս պահի դրությամբ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 118.560.379,0 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա՝ ընդհանուր 13.686.480,0 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, 2 բժշկական կազմակերպությունների հետ կազմվել են ժամանակացույցեր՝ արձանագրված խախտումներից ևս 96.445.601,0 ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ: Այս փուլում ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են թվով 2 քրեական վարույթներ:

Մասնավորապես.

1.  «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 140.529.497,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 32.661.600,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել ընդհանուր 12.791.38,0 ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրությամբ վեր հանված մի շարք փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 119.343.340,0 ՀՀ դրամի խախտումներ: ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված Տեղեկանքում արձանագրված փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 «Արաբկիր բժշկական կենտրոն ԵԴԱԻ» ՍՊ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 80.828.110,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 79.800.410,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին վերադարձվել է ընդհանուր 895.100,0 ՀՀ դրամ:

 «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 97.835.100,0 ՀՀ դրամի խախտումներ: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկանքը և կից նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:

«Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 48.786.750,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 6.098.369,0 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների մնացած գումարը 8 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու համար:

«Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 53.757.220,0 ՀՀ դրամի խախտումներ: Վերահսկվող օբյեկտի հետ կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների գումարը 12 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու նպատակով:

Արձանագրված խախտումների կրկնության ռիսկերը Պետական առողջապահական գործակալությունում և բժշկական հաստատություններում նվազագույնի հասցնելու և հետագայում բացառելու նպատակով Ծառայության կողմից պատրաստվում է առաջարկությունների ծավալուն փաթեթ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետին, ինչպես նաև Ծառայության ղեկավարի նոր հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը շուտով կմեկնարկի հերթական վերահսկողական գործառույթների իրականացումը Պետական առողջապահական գործակալությունում և պետական պատվերի խոշորագույն մասնաբաժին ունեցող՝ մի շարք բժշկական հաստատություններում՝ հանդիպակաց ուսումնասիրությունների ձևաչափով:

ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում այս ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքների ամփոփ Տեղեկանքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր կարծիք ստանալուց հետո կքննարկվի դրանց հետագա ընթացքը լուծելու հարցը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը: