Հայաստանը կարծես դուրս է մնում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մաս կազմելուց։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ինտերֆաքսի» հետ զրույցում։
Նա հավելել է, որ Հայաստանը դեռևս հստակ դիրքորոշում չունի ճանապարհի՝ Մեղրիով անցնող հատվածի կապակցությամբ։
«Հայաստանը հիմա «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չի կազմում, քանի որ դեռ որևէ հստակ դիրքորոշում չկա այն ճանապարհի վերաբերյալ, որը պետք է անցնի Մեղրիով»,- ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» նախագծով նորմալ փոխգործակցություն է ծավալվում: «Բացի այդ, Ադրբեջանն ու Իրանը փաստացի սկսել են ավտոճանապարհի կառուցումը Արաքսի հարավային ափով, որը շրջանցում է Հայաստանը։ Նաև հուշագիր են ստորագրել երկաթուղու կառուցման վերաբերյալ, որը նույնպես շրջանցում է Հայաստանը»,- ասել է Օվերչուկը։
Ըստ նրա՝ Հայաստանը շրջանցող ճանապարհը, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ ու դուրս գա Թուրքիայի հետ սահման, շատ քիչ է տարբերվում այն ճանապարհից, որը նախատեսվում էր կառուցել Սյունիքով։
«Հայաստանով անցնող ճանապարհը լինելու էր 42 կմ, այս շրջանցող ճանապարհը կազմում է 50 կիլոմետր»,-ասել է նա։