Հետևեք մեզ։

ԱԳ նախարարը, գլխավոր դատախազն ու այլ պաշտոնյաներ իրենց արտոնյալ են զգում, երթևեկում են հոսքին հակառակ (տեսանյութ)

19:47, 23 մարտ 2023
ԱԳ նախարարը, գլխավոր դատախազն ու այլ պաշտոնյաներ իրենց արտոնյալ են զգում, երթևեկում են հոսքին հակառակ (տեսանյութ)

Ամեն հինգշաբթի կառավարութւյան նիստից հետո կարելի է տեսնել, թե ինչպես են կառավարության նիստին մասնակցած բարձրաստիճան պաշտոնյաները ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումով հեռանում կառավարությունից։ Մասնավորապես, նրանք դուրս են գալիս կառավարության բակից ու միակողմանի երթևեկություն ունեցող Մելիք Ադամյան փողոցով իջնում դեպի Տիգրան Մեծի պողոտա՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։ Մելիք Ադամյանով երթևեկությունը թույլատրվում է միայն Տիգրան Մեծից դեպի վերև, հակառակ ուղղությամբ երթևեկությունն արգելված է։ Բայց  պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաներն ու նրանց ուղեկցող մեքենաները ամեն անգամ նիստից հետո դուրս են գալիս ու երթևեկում արգելված ուղղությամբ՝ չցանկանալով կամ ծուլանալով մի փոքր երկար վարել և Հանրապետության փողոցով օրինական կարգով մտնել Տիգրան Մեծ՝ և չվտանգել այլ վարորդների անվտանգությունը։

Hayastan.news-ի տեսախցիկն այսօր՝ կառավարության նիստից հետո, ֆիքսել է պետական պաշտոնյաների կողմից ՃԵ կանոնների խախտման մի քանի դրվագ։ Խախտում կատարողները հիմնականում ՊՊԾ-ի կողմից տրամադրված ուղեկցող մեքենայով և առկայծող փարոսիկներով երթևեկող պաշտոնյաներ են, օրինակ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որին սպասարկող Volkswagen Phaeton մակնիշի ավտոմեքենան և նրան ուղկեցող Nissan X-Trail քրոսովերը կառավարության դարպասներից դուրս եկան ու հանդիպակաց երթևեկությամբ իջան դեպի  Տիգրան Մեծ։ Նույն կերպ խախտումով հեռացան նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին սպասարկող Audi A8-ն ու նրան ուղեկցող Nissan-ը, որը մինչ այդ նաև հանդիպակաց ուղղությամբ կանգնած սպասում էր կառավարության դարպասների մոտ՝ խոչընդոտ հարուցելով երթևեկության մյուս մանսակիցների համար։ Նկարահանման պահին նաև կառավարության աշխատակազմին սպասարկող մի Toyota Corolla ևս այդպես հանդիպակաց երթևեկությամբ դարձյալ Մելիք Ադամյանից իջավ դեպի Տիգրան Մեծի պողոտա։ Եւ եթե մյուս երկու պաշտոնյաների մեքենաների վրա առկայծող փարոսիկներ կային միացված, և կարող են դրանով փորձել իրենց արդարացնել, ապա այս Corolla-ն դա էլ չուներ՝ ընդամենը շարքային պաշտոնյայի մեքենա էր։ Մինչդեռ, առանց օրենքի խախտմամբ Տիգրան Մեծի պողոտա դուրս գալու համար նրանցից ընդամենը երկու րոպե լրացուցիչ ժամանակ էր պահանջվելու, բայց որոշել են, հավանաբար, իրենց արտոնյալ և օրենքից դուրս զգալ։ Հետևողական ենք լինելու այս թեմային և պարբերաբար ներկայացնելու ենք, թե էլ որ պաշտոնյաներն են իրենց այսպես արտոնյալ պահում երթևեկության մեջ։ Նշենք, որ օրեր առաջ նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին էինք նկատել իր ծառայողական BMW-ով նույն կերպ խախտումով երթևեկելիս։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ