Վերջին 2 տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների ու քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա։ Այս մասին 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ապրում ենք Սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում, այս իրավիճակը ՀՀ-ի համար ստեղծում է սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե սպառնալիքների կառավարման համար Հայաստանին հարկավոր է իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը, թե ինչ է մեզ համար անկախությունը, որն է ինքնիշխանության և անկախության մասին մեր պատկերացումը, հարցեր են, որոնց քաղաքական, հանրային քննարկումը ազգային անվտանգության օրակարգ է։
«Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջարկում է սա ընդունել որպես սա պետական հայեցակարգի ուղենիշ։