Հետևեք մեզ։

ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր (տեսանյութ)

12:04, 30 հոկտեմբեր 2023
ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ  դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։

Այսպես` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից հիմնադրվել է «Սիամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ներմուծվել է շուրջ 1900 տոննա միրգ, որն ըստ ձեռքբերված տեղեկությունների, ամբողջությամբ իրացվել է, սակայն հարկային հաշվարկներում չի արտացոլվել։

Կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Հանցանք կատարած լինելու անմիջականորոն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ ընկերության տնօրենը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ դեպքի առթիվ  նախաձեռնվել է քերական վարույթ։

Քրեական վարույթով նախաքննության շրջանակում ընկերության տնօրենը տվել է խոստովանական ցուցմունք, ներկայացրել է հարկային հաշվարկները և վերականգնել է պատճառված վնասի մի մասը, իսկ մյուս մասը պարտավորվել է վերականգնել սեղմ ժամկետում։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու և վերականգնելու ուղղությամբ։

 

Պետական եկամուտների կոմիտեն միրգ-բանջարեղենի մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողներին հորդորում է հարկային մարմին ներկայացված հաշվարկներում չխեղաթյուրել միրգ-բանջարեղենի ձեռքբերման և իրացման իրական գներն ու քանակները, ձեռնպահ մնալ մեծածախ եղանակով ապրանքների իրացումները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով և գների թերհայտարարագրմամբ ձևակերպելուց, ինչպես նաև արհեստականորեն ձևավորված ավելացված արժեքի հարկի դեբետները հետ ստանալուց։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Վերլուծական