Հետևեք մեզ։

ՀՀ փոխվարչապետը և ԵՄ դեսպանը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը

19:11, 30 հոկտեմբեր 2023
ՀՀ փոխվարչապետը և ԵՄ դեսպանը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նա ԵՄ դեսպանին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազարից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք ընդգծվել է այդ գործընթացների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը և ԵՄ դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: