Հետևեք մեզ։

2023-ի համեմատ շուրջ 2 միլիարդ դրամով ավելի են 2024-ի կապիտալ ծախսերը․ Ֆինանսների նախարարը 2024-ի բյուջեի վերաբերյալ տվյալներ է ներկայացրել

16:20, 31 հոկտեմբեր 2023
2023-ի համեմատ շուրջ 2 միլիարդ դրամով ավելի են 2024-ի կապիտալ ծախսերը․ Ֆինանսների նախարարը 2024-ի բյուջեի վերաբերյալ տվյալներ է ներկայացրել

2024 թվականին ակնկալվում է 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ: Պետական եկամուտների կոմիտեի ծախսերը նախատեսվել է 37 միլիարդ 369 միլիոն դրամ, որից 80 տոկոսը ընթացիկ ծախսերն են, 20 տոկոսը` կապիտալ: Ընթացիկ տարվա համեմատ շուրջ 2 միլիարդ դրամով ավելի են կապիտալ ծախսերը: Կիրականացվի մեկ ծրագիր` 12 միջոցառում:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված տնտեսության տարբեր բնագավառների թվային տվյալները:

Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2024 թվականի պետբյուջեի նախագծի տնտեսության ոլորտի նախնական ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

2024 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 24 միլիարդ 858 միլիոն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են մի շարք ծրագրերի իրականացմանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրի գծով 2024 թվականին նախատեսվել է հատկացնել 5 միլիարդ 397 միլիոն դրամ:

Ծրագրի նպատակը բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավումն է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսվում է հատկացնել 92 միլիարդ 227 միլիոն  դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: 36 տոկոս կապիտալ ծախսերն են: Կիրականացվի 5 ծրագիր` 32 միջոցառում:

Կադաստրի պետական կոմիտեին կհատկացվի 2023 թվականի համար նախատեսված գրեթե նույն գումարի չափը` 4 միլիարդ 497 միլիոն դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կֆինանսավորվի 1 միլիարդ 117 միլիոն դրամով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 172 միլիարդ դրամ: Կապիտալ ծախսերը 141 միլիարդ դրամ է, ընթացիկ ծախսերը 30 միլիարդ: Կիրականացվի 12 ծրագիր` 75 միջոցառում:

Քաղաքաշինության կոմիտեի համար նախատեսվել է 5 միլիարդ դրամ, որը 2 միլիարդով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Կիրականացվի մեկ ծրագիր` 8 միջոցառում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կհատկացվի 730 միլիոն դրամ, որը 170 միլիոնով ավելի է 2023 թվականի ֆինանսական հատկացումից:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր դիտարկումներն ու մտահոգություններն է ներկայացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին առնչվող ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

Ըստ նրա` նախորդ տարի 60 տոկոսից ավելի աճ է եղել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Աշխատակիցների քանակը 43 հազարը գերազանցում է, ՀՆԱ-ում կշիռը 5.1 տոկոսն է գերազանցում, որը, ըստ նրա, լավ ցուցանիշ է: Նա հույս է հայտնել, որ կունենանք ոլորտ շարունակական աճ:

Նշվել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտում մրցակցություն չունի: Ըստ նրա` ապագայում ավելի մեծ ներդրումներ պետք է արվեն բնագավառում:

Ներկայացնելով մտահոգությունները` նա փաստել է, որ Հայաստանում կրճատվում են ՏՏ ոլորտում իրականացվող ծրագրերը:

Նրա խոսքով 2021 թվականի «Գաղափարից` գործարարություն» ծրագրի շրջանակում ստարտափերին որպես դրամաշնորհ հատկացվել է 562 միլիոն դրամ: Այդ միջոցները նախատեսված են եղել 50 ընկերությունների համար:

«2022 թվականին այդ գումարը կազմել է 350 միլիոն դրամ: 2023 թվականին գումարը մնացել է նույնը: Դրանք դրամաշնորհներ են, որոնք ստանում են ստարտափերը շուկա դուրս գալու համար: Դրանք պետք են տեխնոլոգիաներում ներդրումների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նշվել է, որ 2020 թվականին գործարկվել է «Վիրտուալ կամուրջ» նախագիծը: «Սակայն հետագայում կորոնավիրուսի համավարակը սկսվեց, սկսվեց պատերազմը: Արդյունքում` ծրագիրը լիովին դուրս մնաց պետբյուջեից: Եվ դա այն դեպքում, երբ նախատեսվում էր ծախսել մոտ 1 միլիարդ դրամ: Ծրագիրը, մասնավորապես, հնարավորություն էր տալիս ձեռներեցներին վերապատրաստվել արտասահմանում, այդ թվում` Սիլիկոնային հովտում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա ուշադրություն է հատկացրել նաեւ «Բուհ-մասնավոր հատված համագործակցություն. մասնագետների պատրաստումը» ծրագրին, որը ենթադրում էր տարբեր ոլորտների աշխատողների զանգվածային վերապատրաստում: ,2020 թվականին, երբ այն գործարկվեց, վերապատրաստում անցել էր 5225 մարդ: 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2896, 2022 թվականին` 791, 2023 թվականին` միայն 500 մարդ»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նվազել է նաեւ ծրագրի ֆինանսավորումը. 2020 թվականին 390 միլիոնից 2023 թվականին 100 միլիոն դրամ:

Նրա խոսքով մարդկանց թիվը պետք է ավելանա, ոչ թե կրճատվի: Պետությունը պետք է խթանի կրթություն ստանալը, մասնավորապես, համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում, ինչը նրա կարծիքով, երկրի ապագան է, եւ այն մրցակցային առավելություն ունի այս մասով:

ՀՀ ֆինանսների նախարարն ի պատասխան փաստել է, որ կդժվարանա բացատրել` ոլորտում ի՞նչ պատճառներով են տեղի ունենում ֆինանսական այդ նվազումները: «Համամիտ եմ, որ այս ոլորտում անելիքներ շատ ունենք: Սա այն ոլորտն է, որ ապահովել է Հայաստանի տնտեսական առաջանցիկ զարգացումը»,- ասել է Վահե Հովհաննիսյանը: Ըստ նախարարի` առաջիկայում կքննարկվեն ոլորտին առնչվող բոլոր խնդիրները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցն առնչվել է Երեւանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրներին: «Խոսքը մոտ 650 միլիոն դրամ գումարի մասին է եւ ասվել է, որ այդ ֆինանսավորումը լինելու է հաջորդ տարվա բյուջեով: Դատելով քաղաքապետի ելույթից` այդ հարցը ամենահրատապն է Երեւանի համար: Քանի որ հարցը վերաբերում է ե'ւ Երեւան քաղաքին, ե'ւ բյուջեին, ե'ւ տրանսպորտին, կխնդրեի Ձեր մեկնաբանությունը: Եթե հարցն այդքան հրատապ է` միջոցներ չունե՞նք պահուստային ֆոնդից»,- հետաքրքրվել է Բակեն Թունյանը:

Ֆինանսների նախարարն ի պատասխան նշել է, որ 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման համար եւ 4 միլիարդ դրամ` նոր կայարանի կառուցման համար: Ըստ Վահե Հովհաննիսյանի` «Երեւանի մետրոպոլիտենի համար արդեն այս տարի գումարներ հատկացրել են եւ նամակ են ստացել քաղաքապետարանից, որում նշված էր, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվել Երեւանի մետրոպոլիտենի այլ կապիտալ ծախսեր անելու համար»:

Նրա խոսքով քաղաքապետարանին հարցադրումներ են ուղարկել, թե ինչու են վերաբաշխումներ արել եւ պատասխանը ստանալուց հետո միայն կարող են կարծիք հայտնել:

«Ինչ վերաբերում է Երեւանի մետրոպոլիտենին, ապա քննարկել ենք Երեւանի մետրոպոլիտենում երկար տարիներ ներդրում չանելու փաստը եւ հասկացել ենք, որ, այո', մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երեւանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ: Եվ այդ պատճառով բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել»,- նշել է Ֆինանսների նախարարը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունն արտաքին են: «Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, վերջին 5 տարվա կտրվածքով մեր տնտեսական աճը որքա՞ն կլիներ»,- հարցրել է պատգամավորը:

Ի պատասխան Ֆինանսների նախարարը նշել է. «Սովորաբար գնահատվում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս: Այսինքն` այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս: Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված  է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից եւ այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք»:

Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ Կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը: Ըստ նրա` Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճի: 2024 թվականի համար եւս տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը: