Հետևեք մեզ։

Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ, մեկ զբոսաշրջիկը մեր երկրում ծախսում է մոտ 1200 դոլար. Վահան Քերոբյան

17:01, 31 հոկտեմբեր 2023
Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ, մեկ զբոսաշրջիկը մեր երկրում ծախսում է մոտ 1200 դոլար. Վահան Քերոբյան

2024 թվականին Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կկազմի 92 մլրդ 227 մլն 201 հազար դրամ, որը 2023 թվականի համեմատ աճել է շուրջ 47 տոկոսով: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

«Մենք շարունակում ենք մեր քաղաքականությունը` ուղղված  աշխատակազմի օպտիմալացմանը եւ փորձում ենք ավելի բարձրորակ կադրեր ներգրավվել  համակարգ»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ 2024 թվականին աշխատակիցների վերապատրաստման համար հատկացվել է 50 մլն դրամ:

Զեկուցողի խոսքով 200 մլն դրամով ավելացել է տնտեսական հետազոտությունների եւ վերլուծությունների համար հատկացվող գումարը. «Սա լրացուցիչ խորհրդատվական ծառայություններ ներգրավվելու համար բյուջե է: Մասնավորապես, նախատեսվում է բարդ օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ հիմնավորման համար ներգրավվել խորհրդատվական ընկերությունների»:

Նշվել է, որ որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացման համար կհատկացվի 1 մլրդ դրամի գումար. նախատեսվում է ստեղծել նոր լաբորատորիաներ:

Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման բյուջեն 2024 թվականին կկազմի 20 մլրդ 433 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի է: «Շատ լավ աշխատում է մեր տնտեսության արդիականացման միջոցառումը եւ հիմա արդեն երեք հազարից ավելի ընկերություններ օգտվել են այս ծրագրից, թարմացրել իրենց սարքավորումները, հոսքագծերը»,- ընդգծել է Վահան Քերոբյանը:

Համաշխարհային բանկի աջակցությամբ տեխնոլոգիաների առեւտրայնացման, ենթակառուցվածքի զարգացման համար նախատեսվում է հատկացնել 100 մլն դրամ:

Խոսելով ներդրումների ներգրավումից` նախարարը նշել է, որ առաջին կիսամյակում համախառն ներդրումների կուտակումը շուրջ 27 տոկոսով ավելի շատ է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում. «Կարծում ենք` տարվա կտրվածքով մեծ է հավանականությունը, որ կհասնենք համախառն կուտակում/ՀՆԱ 25 տոկոս համամասնությանը»:

Նշվել է, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը 300 մլն դրամից աճել է 577 մլն դրամի:

Նախարարն անդրադարձել է նաեւ տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագրին, խոսել զբոսաշրջությանն ուղղված ֆինանսական հատկացումների ավելացման մասին: Նշվել է, որ 2024 թվականին մեկնարկելու է զբոսաշրջային ենթակառուցվածքների  զարգացման նոր ծրագիր, որի ներքո նախատեսվում է իրականացնել Կառավարության ծրագրում նշված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը:

Վահան Քերոբյանի տեղեկացմամբ առաջին ինն ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ. «Հայաստանի սահմանային կետերում այժմ իրականացնում ենք ուսումնասիրություն եւ նախնական տվյալներով` մեկ զբոսաշրջիկը մեր երկրում ծախսում է մոտ 1200 դոլար»:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` մանրամասնելով գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված մի շարք ծրագրեր ու իրականացվելիք միջոցառումներ: