Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ՀՀ նոր անձնագիր չեն ստանա, քանի դեռ չունեն ՀՀ հաշվառում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացին, որի խնդրանքով չենք հրապարակում անունը, դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ իր մայրիկի անձնագրի ժամկետը երկարաձգելու համար, սակայն իրեն մերժել են, նշելով, թե վերջինս պետք է Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենա։
Քաղաքացին պատմեց, որ իր մոր դեպքը միակը չէ, նմանատիպ իրավիճակների բախվում են շատերը։
«Մայրիկիս անձնագրի ժամկետը լրացած է։ Որոշեցինք դիմել մոտակա անձնագրային բաժանմունք, որպեսզի նոր անձնագիր ստանանք, որովհետեւ Հայաստանի օրենքներով անձնագրի ժամկետը չի երկարաձգվում։ Մեզ մանրամասն ներկայացրին, որ Արցախի քաղաքացին չի կարող անձնագիր ստանալ, որովհետեւ ինքը հաշվառված չէ ՀՀ-ում»,- ասաց Արցախից բռնի տեղահանված քաղաքացու հարազատը։
Նրա խոսքով` նոր անձնագրում որեւէ կերպ չի նշվելու իր մոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի լինելը․ «Մարդկանց անձնագրից դուրս է գալիս Արցախում ունեցած իրենց գրանցած հասցեն, դրա փոխարեն գրվելու է այն հասցեն, որտեղ հիմա կհաշվառվեն»։
Արցախցին մտահոգություն հայտնեց, թե արդյո՞ք Արցախից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի քաղաքացիները հնարավորություն կունենան հաշվառվելու ՀՀ-ում․ «Արդյո՞ք բոլորը ունեն բարեկամներ Հայաստանում, որպեսզի կարողանան հաշվառվել այդ մարդկանց բնակարններում, արդյո՞ք հնարավո՞ր չէ, որ արցախցիների անձնագրերի ժամկետը երկարաձգվեր»։
Քաղաքացին պատմեց, որ մայրն այժմ անձնագիր չունենալու պառճառով չի կարողանում սկսել իր բուժումները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։