Հետևեք մեզ։

Բլինքենը հիշատակել է Հայաստանը՝ ԱՄՆ-ից օգնություն ստացող երկրների շարքում

10:26, 01 նոյեմբեր 2023
Բլինքենը հիշատակել է Հայաստանը՝ ԱՄՆ-ից օգնություն ստացող երկրների շարքում

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում, գրում է «Ամերիկայի Ձայնը»:

Իր խոսքում, մասնավորապես, պետքարտուղարն ասել է.

«Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների և ահաբեկիչների մեղքով, ինչպես նաև Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական աղետների հետևանքով: Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից: Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ «Համասը» օգտագործում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան: Անհրաժեշտ է դիտարկել մարդասիրական հրադադարների հարցը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթի Մուրեյի գլխավորությամբ տեղի ունեցած լսումների ընթացքում:

Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական հոսքի բացակայության պայմաններում լարվածությունը հավանաբար էլ ավելի կմեծանա: