Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բամբասանքներ են տարածվում, ինչը բարեբախտաբար չի համապատասխանում իրականությանը:
Գեներալը ադրբեջանական բանտում է և մեր ողջ ուշադրությունն ու ջանքերը պետք է կենտրոնացնել նրա և մեր մյուս` 7 հայրենակիցների, ազատ արձակմանն ու հայրենիք վերադարձին, այլ ոչ թե հեքիաթներ տարածելուն կամ դրա դեմ պայքարին:
Պատկերացնո՞ւմ եք Մնացականյանի ընտանիքի, նրա հարազատների, ընկերների վիճակը, երբ նրա մասին հերթական կեղծ լուրն է հրապարակվում և տարածվում:
Խնդրում եմ` պարզապես մի արեք:
Տեղից արցախցիները հոգեբանական ծանր հարվածների և ապրումների մեջ են, հիմա էլ` նոր մտացածին պատմություններ կամ հրեշավոր նկարագրություններ:
Լևոն Մնացականյանն ու մեր 7 հայրենակիցները ադրբեջանական բանտերում են:
Եթե հնարավորություն չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել կամ ցավ պատճառել:
Ազատությո՛ւն մեր հայրենակիցների:
ՀԳ. Բաքվի բանտերում տարբեր պատերազմներով, իրողություններով, միջադեպերով պայմանավորված հայեր կան, որոնց պաշտպանությունն առաջին հերթին պետության և բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է դառնա»: