Հետևեք մեզ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ահաբեկչության նախապատրաստության դեպք է բացահայտել (տեսանյութ)

14:40, 02 նոյեմբեր 2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ահաբեկչության նախապատրաստության դեպք է բացահայտել (տեսանյութ)

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:

Այսպես.

Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:  

Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, մեկ հատ ազդանշանային պայթուցիկ-սարք, մեկ հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք՝ երկու գլխիկով, մեկ հատ թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, երկու հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ, նշանառության սարք, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության սարքեր, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, շուրջ մեկ տասնյակ ՀՀ և ՌԴ կապի օպերատորների փակ տուփերով, չօգտագործված հեռախոսաքարտեր, արևային մարտկոց, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, ահաբեկչություն իրականացնելու համար նախապատրաստական գործողություններ կատարելու վերաբերյալ բացահայտ, ինչպես նաև քողարկված բովանդակությամբ գրառումներ պարունակող փաստաթղթեր և այլն։

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և  ակտիվիստներին: Հանցավոր գործունեության հաջող իրականացման համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան: Մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունությունն ավարտին հասցնելու համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: 

Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վերլուծական